Այսօր կինոյի աշխարհում թվային տեխնոլոգիաների արագ զարգացմամբ մոնտաժի դերակատարությունը դառնում է ավելի կարևոր, քան երբևէ։ Մխիթար Սերոբյանը ACG, որը «Կելվին Ֆիլմ Լաբ» ՍՊԸ հիմնադիրն է, ներկայացնում է նոր «Նկարահանման վայրից կինոթատրոն» մոնտաժի դասընթացը՝ մատչելի և պրակտիկ մոտեցմամբ՝ սկսած թվային պատկերի տեխնիկի աշխատանքից (DIT) մինչև կինոթատրոնին DCP ֆայլի փոխանցումը։
-Մխիթար, շնորհակալություն, որ մեզ հետ եք այսօր։ Ի՞նչը Ձեզ դրդեց կազմակերպել այս մոնտաժի դասընթացը, և ինչպիսին էր այն Ձեր անձնական փորձի մեջ։
– Շնորհակալություն հարցազրույցի համար։ Տարիներ շարունակ աշխատելով հայկական կինոոլորտում՝ իմ համար առաջնային է եղել կրթությունն ու անընդհատ զարգացումը։ Հավատացած եմ, որ փորձի ու գիտելիքի փոխանցումը ոչ միայն օգնում է սկսնակներին, այլ նաև մեզ է զարգացնում որպես մասնագետ։ Սա է իմ շարժառիթը՝ օգնել սկսնակներին կրճատել իրենց անցնելիք ճանապարհը։ Ուզում եմ նաև ներդրում ունենալ որակյալ DIT մասնագետների պատրաստման գործում, ովքեր հետագայում կդառնան մեր գործընկերներն ու կաջակցեն օպերատորներին ու մոնտաժողներին՝ լրացնելով կարևոր բացը հայկական կինոարտադրությունում։

-Դասընթացի անվանումը՝ «Նկարահանման վայրից կինոթատրոն» իսկապես հետաքրքիր է։ Ինչպե՞ս կբացատրեք, թե մոնտաժողի ճանապարհը նկարահանման հրապարակից սկսած ինչպիսի՞ն է մինչև կինոթատրոնի էկրանին ֆիլմի ցուցադրմանը հասնելը։
– Վերնագիրը արդեն հուշում է, որ առնչվում ենք ծավալուն աշխատանքի։ Մոնտաժողի ճանապարհը լի է փորձություններով, և որպեսզի նյութը ճիշտ հասնի հանդիսատեսին, մոնտաժողը պետք է պատշաճ կատարի իր գործը։ Դասընթացում մանրամասն կպատմեմ այդ ճանապարհի մասին, որպեսզի ուսանողները ավելի պաշտպանված լինեն սխալներից ու կարողանան հաղթահարել առաջացած դժվարությունները։
-Դասընթացը ինչպե՞ս համադրում է մոնտաժի տեխնիկական ու ստեղծագործական կողմերը։ Արդյո՞ք ստեղծագործական խնդիրներն ու պատմության գծանշումները նույնքան կարևոր են, որքան տեխնիկական մանրամասները։
-Նկարահանման վայրում նկարահանված նյութի պահպանումը և դրանից անհրաժեշտ ինֆորմացիայի դուրսբերումը շատ կարևոր է։ Մենք անդրադառնալու ենք ինչպես մոնտաժի տեխնիկական, այնպես էլ ստեղծագործական կողմերին։ Դրա համար մենք վերցրել ենք DIT-ի աշխատանքից մինչև DCP ֆայլի փոխանցումը կինոթատրոններին ճանապարհը, որը խորհրդանշում է նկարահանող խմբի աշխատանքի մատուցումը հանդիսատեսին։
Դասընթացի կառուցվածք ու մեթոդաբանություն
-Որպես «Կելվին Ֆիլմ Լաբ»-ի հիմնադիր, ի՞նչ կասեք՝ դասընթացը ի՞նչ փուլերով է անցնում։ Գործնական աշխատանքի կենտրոնացման մասին կարո՞ղ եք խոսել։
-Այն ներառում է տեսական և գործնական մասեր։ Աշխատելու ենք իրական ֆիլմերի վրա, որոնք արդեն ցուցադրվել են կամ պատրաստվում են ցուցադրվել։

-Դասընթացում ընդգրկված է թվային պատկերի տեխնիկի (DIT) աշխատանքի ուսուցումը։ Ինչպե՞ս կարող է DIT-ն կապ ունենալ մոնտաժի հետ։
DIT-ի աշխատանքի կարևորությունն առավելապես բացահայտվում է հենց նկարահանման վայրում՝ սկսած նյութի պահպանությունից ու ճիշտ կրկնօրինակման գործընթացից մինչև որակի ստուգում ու լուսային-գունային դիապազոնի վերահսկում, ինչը օգնում է օպերատորին անսխալ աշխատել։ Հայաստանում այս գործառույթը հաճախ շփոթում են ֆայլի կրկնօրինակողի (Data Wrangler) աշխատանքի հետ, սակայն այն շատ ավելի ընդգրկուն է։
Մոնտաժը՝ որպես արվեստ
-Մոնտաժը հաճախ դիտվում է որպես «անտեսանելի» արվեստ։ Ինչպե՞ս կարող ենք գնահատել մոնտաժը որպես ինքնուրույն արվեստի ձև, որը չի սահմանափակվում միայն տեխնիկական ասպեկտներով։
-Ինձ համար մոնտաժը սկսվում է Կուլիշովի էֆեկտով, երբ նա համադրեց նույն կադրը երեք տարբեր կադրերի հետ, և դրանով ապացուցվեց, թե ինչպես կարող է մոնտաժը ազդել ֆիլմի ընկալման վրա։ Այսօր էլ նույնն է՝ ամենակարևորը պատմությունն է ու այն, թե ինչպես ես կառուցում այն։

-Որպես մոնտաժող, Դուք կենտրոնանում եք միայն տեխնիկակա՞ն ուղղության վրա, թե կփորձեք պատմության ստեղծագործական զարգացմամբ նույնպես աշխատել:
– Ոչ։ Սկզբում հասկանում եմ՝ ստեղծագործական խումբը ինչ պատմություն է ցանկանում պատմել, հետո միայն մոնտաժում եմ՝ հարստացնելով այն իմ մոտեցումներով։ Մի անգամ Փելեշյանը իր խոսքում ասաց՝ «Մոնտաժը ֆրանսերեն բառ է, որը նշանակում է կպցնել, իսկ երբ ես մոնտաժ եմ ասում, ես կադրերը հեռացնում եմ իրարից, չեմ կարող ասել, սա մոնտաժ է, թե ՝չէ», ու իրոք ես շատ եմ մտածել այս մտքի վերաբերյալ, ու մի բան ինձ համար հստակ է. մոնտաժի մեջ կարևոր է նախ հեռացումը, հեռացումը այն կադրերից, որոնք պետք չեն քո պատմությանը և հեռացումը, որով դու նպաստում ես հանդիսատեսի՝ պատմությանը մոտենալուն։

-Ինչպիսի՞ դժվարությունների կարող են հանդիպել սկսնակ մոնտաժողները, և ի՞նչ խորհուրդներ կտաք նրանց, որպեսզի արդյունավետ ու ստեղծագործական լինեն աշխատանքի մեջ։
-Ես շատ փոքր տարիքից եմ սկսել մոնտաժ սովորել, այն ժամանակ դեռ չկային յութուբյան դասեր, չկային հարթակներ սովորելու համար, ամեն ինչ կամ ինքդ էիր բացահայտում կամ գտնում էիր մարդու, որը կօգնի քեզ այդ հարցում։ Հիմա տեղեկատվության ծավալը մեծ է, բայց պետք է ճիշտ կողմնորոշվել՝ ի՞նչ սովորել, որտեղից ու ինչի համար։ Հիմա կարևոր է նաև սովորածը արդյունավետ կիրառելը։
-Դասընթացի համար Դուք պատրաստե՞լ եք հատուկ հարցումներ կամ առաջադրանքներ։
– Այո՛։ Դասընթացի ընթացքում մենք ամբողջական ֆիլմ կմոնտաժենք ու կստեղծենք DCP։ Սա օգնում է ոչ միայն սովորել, այլ տեսնել աշխատանքի իրական արդյունքը։ Մի անգամ մենք սխալ պատրաստված ֆայլի պատճառով գրեթե կորցրինք ֆիլմը։ Այդ փորձը ցույց տվեց՝ որքան կարևոր են մանրուքները։
Ապագայի ծրագրեր ու տեսլական

-Դասընթացի առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կարող եք ասել։ Որքանո՞վ եք մտադիր շարունակել այն՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցներ կամ ընդլայնելով դասընթացի թեմաները։
-Ամեն ինչ կախված է այն բանից, թե մեր ուսանողները ինչպիսի հետաքրքրություն կունենան դասընթացի վերաբերյալ, եթե հասկանանք որ ցանկացողների քանակը շատ է, մենք անընդհատ կավելացնենք և փոփոխությունների կենթարկենք մեր դասընթացը, որը միշտ կդառնա ավելի ակտուալ ու այժմեական։
Հետաքրքրվա՞ծ եք մոնտաժի այս յուրահատուկ ճամփորդությամբ՝ նկարահանումից մինչև էկրան։ «Կելվին Ֆիլմ Լաբ»-ի նոր դասընթացը հենց Ձեր մեկնարկային քայլը կարող է լինել։

Լրացուցիչ ինֆորմացիայի և գրանցման համար գրել՝ kelvinfilmlab@gmail.com էլ փոստին։