





Այսօր կինոյի աշխարհում թվային տեխնոլոգիաների արագ զարգացմամբ մոնտաժի դերակատարությունը դառնում է ավելի կարևոր, քան երբևէ։ Մխիթար Սերոբյանը ACG, որը «Կելվին Ֆիլմ Լաբ» ՍՊԸ հիմնադիրն է, ներկայացնում է նոր «Նկարահանման վայրից կինոթատրոն» մոնտաժի դասընթացը՝ մատչելի և պրակտիկ մոտեցմամբ՝ սկսած թվային պատկերի տեխնիկի աշխատանքից (DIT) մինչև կինոթատրոնին DCP ֆայլի փոխանցումը։
-Մխիթար, շնորհակալություն, որ մեզ հետ եք այսօր։ Ի՞նչը Ձեզ դրդեց կազմակերպել այս մոնտաժի դասընթացը, և ինչպիսին էր այն Ձեր անձնական փորձի մեջ։
– Շնորհակալություն հարցազրույցի համար։ Տարիներ շարունակ աշխատելով հայկական կինոոլորտում՝ իմ համար առաջնային է եղել կրթությունն ու անընդհատ զարգացումը։ Հավատացած եմ, որ փորձի ու գիտելիքի փոխանցումը ոչ միայն օգնում է սկսնակներին, այլ նաև մեզ է զարգացնում որպես մասնագետ։ Սա է իմ շարժառիթը՝ օգնել սկսնակներին կրճատել իրենց անցնելիք ճանապարհը։ Ուզում եմ նաև ներդրում ունենալ որակյալ DIT մասնագետների պատրաստման գործում, ովքեր հետագայում կդառնան մեր գործընկերներն ու կաջակցեն օպերատորներին ու մոնտաժողներին՝ լրացնելով կարևոր բացը հայկական կինոարտադրությունում։
-Դասընթացի անվանումը՝ «Նկարահանման վայրից կինոթատրոն» իսկապես հետաքրքիր է։ Ինչպե՞ս կբացատրեք, թե մոնտաժողի ճանապարհը նկարահանման հրապարակից սկսած ինչպիսի՞ն է մինչև կինոթատրոնի էկրանին ֆիլմի ցուցադրմանը հասնելը։
– Վերնագիրը արդեն հուշում է, որ առնչվում ենք ծավալուն աշխատանքի։ Մոնտաժողի ճանապարհը լի է փորձություններով, և որպեսզի նյութը ճիշտ հասնի հանդիսատեսին, մոնտաժողը պետք է պատշաճ կատարի իր գործը։ Դասընթացում մանրամասն կպատմեմ այդ ճանապարհի մասին, որպեսզի ուսանողները ավելի պաշտպանված լինեն սխալներից ու կարողանան հաղթահարել առաջացած դժվարությունները։
-Դասընթացը ինչպե՞ս համադրում է մոնտաժի տեխնիկական ու ստեղծագործական կողմերը։ Արդյո՞ք ստեղծագործական խնդիրներն ու պատմության գծանշումները նույնքան կարևոր են, որքան տեխնիկական մանրամասները։
-Նկարահանման վայրում նկարահանված նյութի պահպանումը և դրանից անհրաժեշտ ինֆորմացիայի դուրսբերումը շատ կարևոր է։ Մենք անդրադառնալու ենք ինչպես մոնտաժի տեխնիկական, այնպես էլ ստեղծագործական կողմերին։ Դրա համար մենք վերցրել ենք DIT-ի աշխատանքից մինչև DCP ֆայլի փոխանցումը կինոթատրոններին ճանապարհը, որը խորհրդանշում է նկարահանող խմբի աշխատանքի մատուցումը հանդիսատեսին։
Դասընթացի կառուցվածք ու մեթոդաբանություն
-Որպես «Կելվին Ֆիլմ Լաբ»-ի հիմնադիր, ի՞նչ կասեք՝ դասընթացը ի՞նչ փուլերով է անցնում։ Գործնական աշխատանքի կենտրոնացման մասին կարո՞ղ եք խոսել։
-Այն ներառում է տեսական և գործնական մասեր։ Աշխատելու ենք իրական ֆիլմերի վրա, որոնք արդեն ցուցադրվել են կամ պատրաստվում են ցուցադրվել։
-Դասընթացում ընդգրկված է թվային պատկերի տեխնիկի (DIT) աշխատանքի ուսուցումը։ Ինչպե՞ս կարող է DIT-ն կապ ունենալ մոնտաժի հետ։
DIT-ի աշխատանքի կարևորությունն առավելապես բացահայտվում է հենց նկարահանման վայրում՝ սկսած նյութի պահպանությունից ու ճիշտ կրկնօրինակման գործընթացից մինչև որակի ստուգում ու լուսային-գունային դիապազոնի վերահսկում, ինչը օգնում է օպերատորին անսխալ աշխատել։ Հայաստանում այս գործառույթը հաճախ շփոթում են ֆայլի կրկնօրինակողի (Data Wrangler) աշխատանքի հետ, սակայն այն շատ ավելի ընդգրկուն է։
Մոնտաժը՝ որպես արվեստ
-Մոնտաժը հաճախ դիտվում է որպես «անտեսանելի» արվեստ։ Ինչպե՞ս կարող ենք գնահատել մոնտաժը որպես ինքնուրույն արվեստի ձև, որը չի սահմանափակվում միայն տեխնիկական ասպեկտներով։
-Ինձ համար մոնտաժը սկսվում է Կուլիշովի էֆեկտով, երբ նա համադրեց նույն կադրը երեք տարբեր կադրերի հետ, և դրանով ապացուցվեց, թե ինչպես կարող է մոնտաժը ազդել ֆիլմի ընկալման վրա։ Այսօր էլ նույնն է՝ ամենակարևորը պատմությունն է ու այն, թե ինչպես ես կառուցում այն։
-Որպես մոնտաժող, Դուք կենտրոնանում եք միայն տեխնիկակա՞ն ուղղության վրա, թե կփորձեք պատմության ստեղծագործական զարգացմամբ նույնպես աշխատել:
– Ոչ։ Սկզբում հասկանում եմ՝ ստեղծագործական խումբը ինչ պատմություն է ցանկանում պատմել, հետո միայն մոնտաժում եմ՝ հարստացնելով այն իմ մոտեցումներով։ Մի անգամ Փելեշյանը իր խոսքում ասաց՝ «Մոնտաժը ֆրանսերեն բառ է, որը նշանակում է կպցնել, իսկ երբ ես մոնտաժ եմ ասում, ես կադրերը հեռացնում եմ իրարից, չեմ կարող ասել, սա մոնտաժ է, թե ՝չէ», ու իրոք ես շատ եմ մտածել այս մտքի վերաբերյալ, ու մի բան ինձ համար հստակ է. մոնտաժի մեջ կարևոր է նախ հեռացումը, հեռացումը այն կադրերից, որոնք պետք չեն քո պատմությանը և հեռացումը, որով դու նպաստում ես հանդիսատեսի՝ պատմությանը մոտենալուն։
-Ինչպիսի՞ դժվարությունների կարող են հանդիպել սկսնակ մոնտաժողները, և ի՞նչ խորհուրդներ կտաք նրանց, որպեսզի արդյունավետ ու ստեղծագործական լինեն աշխատանքի մեջ։
-Ես շատ փոքր տարիքից եմ սկսել մոնտաժ սովորել, այն ժամանակ դեռ չկային յութուբյան դասեր, չկային հարթակներ սովորելու համար, ամեն ինչ կամ ինքդ էիր բացահայտում կամ գտնում էիր մարդու, որը կօգնի քեզ այդ հարցում։ Հիմա տեղեկատվության ծավալը մեծ է, բայց պետք է ճիշտ կողմնորոշվել՝ ի՞նչ սովորել, որտեղից ու ինչի համար։ Հիմա կարևոր է նաև սովորածը արդյունավետ կիրառելը։
-Դասընթացի համար Դուք պատրաստե՞լ եք հատուկ հարցումներ կամ առաջադրանքներ։
– Այո՛։ Դասընթացի ընթացքում մենք ամբողջական ֆիլմ կմոնտաժենք ու կստեղծենք DCP։ Սա օգնում է ոչ միայն սովորել, այլ տեսնել աշխատանքի իրական արդյունքը։ Մի անգամ մենք սխալ պատրաստված ֆայլի պատճառով գրեթե կորցրինք ֆիլմը։ Այդ փորձը ցույց տվեց՝ որքան կարևոր են մանրուքները։
Ապագայի ծրագրեր ու տեսլական
-Դասընթացի առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կարող եք ասել։ Որքանո՞վ եք մտադիր շարունակել այն՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցներ կամ ընդլայնելով դասընթացի թեմաները։
-Ամեն ինչ կախված է այն բանից, թե մեր ուսանողները ինչպիսի հետաքրքրություն կունենան դասընթացի վերաբերյալ, եթե հասկանանք որ ցանկացողների քանակը շատ է, մենք անընդհատ կավելացնենք և փոփոխությունների կենթարկենք մեր դասընթացը, որը միշտ կդառնա ավելի ակտուալ ու այժմեական։
Հետաքրքրվա՞ծ եք մոնտաժի այս յուրահատուկ ճամփորդությամբ՝ նկարահանումից մինչև էկրան։ «Կելվին Ֆիլմ Լաբ»-ի նոր դասընթացը հենց Ձեր մեկնարկային քայլը կարող է լինել։
Լրացուցիչ ինֆորմացիայի և գրանցման համար գրել՝ kelvinfilmlab@gmail.com էլ փոստին։
Կինեմատոգրաֆիստների միջազգային ֆեդերացիան (IMAGO) փետրվարի 14-ին և 15-ին Լոնդոնում անցկացրեց իր տարեկան գլխավոր ասամբլեան (IAGA), որը հյուրընկալեց Կինեմատոգրաֆիստների բրիտանական միությունը (BSC): Միջոցառումը հիբրիդային էր՝ ապահովելու բոլոր անդամ հասարակությունների մասնակցությունը: Ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ անձամբ մասնակցեցին համաժողովին, իսկ նրանք, ովքեր չկարողացան անձամբ միանալ, մասնակցեցին առցանց։ Հայաստանի օպերատորական գիլդիան (ACG), որը անցյալ տարի դարձավ IMAGO-ի լիիրավ անդամ, ներկայացնում էր նրա անդամ և գլխավոր քարտուղար Աննա Տեր-Գաբրիելյանը։
IAGA-ի օրվա առաջին մասը նվիրված էր գործնական հարցերին, կանոնադրության փոփոխությունների, բյուջեի, հովանավորների և այլնի վերաբերյալ քննարկումներին: Օրակարգում էին նաև նոր պատվավոր անդամի ընտրությունը և IAGA 2025-ը հյուրընկալելու առաջարկները: Պոլ Ռենե Ռոստադ (Paul René Roestad) FNF-ը նշանակվեց IMAGO-ի պատվավոր անդամ: IMAGO-ի նախագահ Մուստաֆա Բարատ ABC-ն առաջարկեց Սան Պաուլոն (Բրազիլիա) որպես IAGA 2025-ի վայր, և պատվիրակները քվեարկության միջոցով ընդունեցին առաջարկը։ Այս որոշումը բեկումնային էր IMAGO-ի համար, քանի որ այն առաջին անգամ տեղի կունենա Եվրասիա մայրացամքից դուրս, օվկիանոսից այն կողմ: IAGA 2024-ին ներկա պատվիրակները առաջարկեցին քվեարկել նաև IAGA 2026-ի հյուրընկալողների օգտին, որպեսզի հյուրընկալող միությունը հավելյալ ժամանակ ունենա պատրաստվելու։ Աստրիդ Հոյբրանդտներ AAC-ն առաջարկեց իր՝ Ավստրիայի կինեմատոգրաֆիստների ասոցիացիան որպես 2026-ի հյուրընկալ ասոցացիա, և քվերկությամբ Վիեննան (Ավստրիա) ընդունվեց որպես 2026 թվականի IMAGO-ի տարեկան գլխավոր ասամբլեան հյուրընկալող երկիր: Առաջին օրն ավարտվեց Ֆիլմերի պահպանման և վերականգնման կոմիտեի ձևավորմամբ և Հորիզոնական հաղորդակցության նախագծի ներկայացմամբ՝ նպատակ ունենալով մի հարթակում միավորելու կինոմատոգրաֆիստների միություններին և նրանց անդամներին ամբողջ աշխարհում:
Երկրորդ օրը մեկնարկեց ARRI-ի գունային գիտության վերաբերյալ դասխոսությամբ, որին հաջորդեց NunLux-ի շնորհանդեսը: Այնուհետև IMAGO-ի հանձնաժողովները, որոնց հաճախ կոչում են «IMAGO-ի սիրտը», ներկայացրին իրենց աշխատանքն ու ապագա առաջարկները, որոնց հաջորդեցին քննարկումներ: Թեմաները բազբազան էին ավելի տեխնիկական թեմաներից, որոնք ներկայացրին Տեխնիկական կոմիտեն և Պահպանման և վերականգնման կոմիտեն, մինչև կրթություն․ ընդ որում, Կրթական կոմիտեն նպատակ ունի հանդիսանալ կապող օղակ դասավանդող օպերատորների համար, իսկ Master Class հանձնաժողովը պլանավորում է առցանց և օֆլայն սեմինարներ: Աշխատանքային պայմանների կոմիտեն անդրադարձավ անարդար աշխատանքային պայմանների, ներառյալ երկար ժամերի և առողջության վրա դրանց հետևանքների խնդիրներին՝ նպատակ ունենալով իրականացնել լայնածավալ հետազոտություն, իսկ Բազմազանության և ներառման հանձնաժողովը խոսեց այն նախագծերի մասին, որոնք նպատակ ունեն նվազագույնի հասցնել խտրականությունը ոլորտում, ներառյալ «I OF THE LENS-ի ցուցահանդեսը, որը կայացավ Բեռլինում IAGA-ից մի քանի օր անց։ Արհեստական բանականության, ոգեշնչման և գրագողության թեման բարձրացրեց Հեղինակային իրավունքների կոմիտեն՝ կանոնակարգերի վրա աշխատելու կոչով: Այս քնարկումից օրեր հետո OpenAI-ը թողարկեց իր նոր՝ շարժվող պատկերներ գեներացնող արտադրանքի փորձարկման հոլովակը, որը ապացուցեց, որ թեման իրոք հրատապ է: IAGA-ն ավարտվեց BSC ցուցահանդեսի հրավերով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան շրջելու, փորձարկելու և ծանոթանալու նոր սարքավորումներին և տեխնոլոգիաներին:
Հայաստանի օպերատորական գիլդիան բարձր է գնահատում IAGA 2024-ին ներկա գտնվելու հնարավորությունը և շնորհակալ է բոլոր կազմակերպիչներին իրադարձությունը կյանքի կոչելու համար։ Ձեռք բերված փորձը և միջոցառման ընթացքում բարձրաձայնված գաղափարները, մեղմ ասած, ոգեշնչող էին և էլ ավելի խրախուսող ACG-ում դրական փոփոխություններ հրահրելու համար, որոնք, հուսով ենք, կազդեն նաև Հայաստանի ընդհանուր ֆիլմարտադրության վրա: ACG-ն մոտիվացված է ակտիվ լինելու IMAGO-ի նախաձեռնություններում և շահագրգռված է մասնակցություն ունենալու IMAGO-ի կոմիտեների գործունեությանը:
2021 թվականի հոկտեմբերի 30-ին իրականություն դարձավ Հայաստանի Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը։ Տոնական օրը նաև Կինոյի տան գլխավոր մուտքի հանդիսավոր բացումն էր, ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային- զբոսաշրջային միջավայրի» բաղկացուցիչ մաս հանդիսացող կինոթանգարանային տարածքի բացումը և Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը, որ անցավ անչափ ջերմ, հուզիչ մթնոլորտում:
Տեսնել ավելին
Դեռ շատ վաղուց մինչև իմ Ամերիկա տեղափոխվելը ես լսել էի AFI-ի (Ամերիկայի ֆիլմ ինստիտուտ) մասին, և մասնավորպես կինոօպերատորական բաժնի մասին, թե որքան հայտնի կինոօպերատորներ են ավատել այն և որ ամենակարևորն էր իմ համար կրթության մեջ, թե ովքեր են այնտեղ դասավանդում:
Այնպես որ երբ տեղափոխվեցի ապրելու Լոս Անջելես, այդ հարցը սովորել թե չէ ու որտեղ, վերացավ ու տեղափոխվեց ավելի ժամանակի ու հնարավորություների դաշտ. Պանդեմիայի 2 տարին, դարձավ հրաշալի առիթ իմ այդ երազանքը իրագործելու համար:
Իհարկե առաջին ու շոկային տարբերությունը հենց կրթության պրոցեսների տարբերությունն էր: Մանավանդ երբ ավարտել էի Մակավարժականի կինոյի ֆակուլտետը դեռ 20 տարի առաջ, ու պատկերացնել անգամ չէի կարող թե ինչ բարդությունների միջով պետք է անցնեի: Եթե շատ ընդահուր ասեմ, ապա իմ արձանագրած մեծ տարբերությունները հետվյալ էին.
1. Ամենաշատ բանը որ պետք է անել, դա գրել քո մտքերը ու ճիշտ կարողանալ այդ մտքերը ներկայացնելը:
2. 2-րդ ամենաշատ ժամանակը տանում էր պրակտիկ նկարահանումները (Շաբաթը ամենաքիչը 3 օր):
3. Նկարահանումերի մեծ մասը արվում էր ժապավենով ու ավարտելուց հետո դու վստահ ես քեզ զգում այդ կրիչի վրա ավելին քան թվային կրիչում:
4. Կինոօպերատորի մասնագիտական կրթությունը հիմնված չէ գնահատականի վրա: Չնայած որ պետք է հաձնել Քիմիայի և Ֆիզիկայի 3 ական քննություն մեկ տարվա մեջ, բացի խորը մասնագիտականներից:
5. Առանձին ուշադրության էր արժանի քննադատություն լսելու ու անելու դասերը, որոնք ուղակի հեղաշրջում էին իմ գիտակցության մեջ:
6. Եվ ամենակարևորը, հարցեր ունենաը ու տալը հաջողության բանալիներից է, իսկ շփումը մարդկանց հետ ու բաց լինելը նորի նկատմաբմ՝ հաղթանակ:
Պետք է ընգըծել նաև դասախոսների վերաբերմունքը և մեծ փորձարությունը: Մեր ամբիոնի ղեկավարը , Ստիվեն Լայթհիլն էր, որը հանդիսանում էր նաև ASC (The American Society of Cinematographers) նախագահը: Դա առիթ հանդիսացավ որ 2021-ին ինձ հրավիրեց մասնակցելու ISC (International Cinematography Summit) ին և ներկայացնելու Հայաստան Օպերատոների Գիլդիան (ACG), որի անդամ էի հանդիսանում:
Այնտեղ առիթ ունեցա ծանոթանալու IMAGO (International Federation Of Cinematographers) տնօրինության հետ, ու ստացա հրավեր միանալու այդ կազմակերպությանը:
Ես նոր եմ ավատել AFI-ը և հուսով եմ որ դա ինձ համար կբացի նոր դռներ մեր ասպարեզում: Բայց մի բան հստակ է, որ այդ կրթությումը արդեն հիմնարար կերպով փոխել է և իմ մսանագիտական և ինչու ոչ իմ մարդկային որակները:
Հուսամ որ շուտով առիթ կունենամ իմ այդ գիտելիքները օգտագործեմ հայկական կինոում և որ ,ամենակարևորն ինձ թվում է, կինո օպերատորական կրթական նոր ծրագրերի կայացմանը: Ի միջայլոց, մենք ACG ում շուտով սկսում ենք զբաղվել այդ հարցով և վերջերս ստեղծել ենք հաձնաժողով, որի ղեկավարն է Վահագն Տեր Հակոբյանը, մեր նախագահը: Կարծում եմ դժվար բայց կարևոր գործ ունենք անելու ամեն ինչ դեռ առջևում է:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների գիլդիան (ACG) նշանակալի քայլ է կատարել՝ դառնալով Կինեմատոգրաֆիստների միջազգային ֆեդերացիայի՝ IMAGO-ի անդամ։ ACG-ը համեմատաբար երիտասարդ հասարակություն է, որը ձգտում է սովորել և համագործակցել IMAGO-ի փորձառու անդամների հետ:
ACG-ի փոխնախագահ Միկո Մալխասյանն իր ցանկությունն է հայտնել սովորել IMAGO-ի փորձառու անդամներից՝ ընդգծելով նրանց հավակնությունը՝ հասկանալու, թե ինչպես են արդյունավետ գործում կինեմատոգրաֆիստական ընկերությունները: ACG-ն նաև ներդնում է հատուկ հարթակ իր անդամների համար՝ կիսվելու, քննարկելու և ներգրավվելու համաշխարհային կինոգործիչների հետ՝ խթանելով համաշխարհային համայնքը:
Հայաստանը՝ վիզուալ արվեստների և երաժշտության հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ է, որը նպատակ ունի յուրահատուկ մշակութային հեռանկար բերել IMAGO-ին: Չնայած ACG-ի շատ անդամներ գալիս են վավերագրական և երաժշտական տեսահոլովակների նկարահանումներով, նրանք նաև հաջողությամբ նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, կարճամետրաժ ֆիլմեր և հեռուստաշոուներ ամբողջ աշխարհում՝ տարբեր փորձառություններ բերելով IMAGO ցանցին:
Առաջիկա 2-3 տարիների ընթացքում ACG-ն նախատեսում է առանցքային դեր խաղալ Հայաստանում պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջխաղացման գործում: Նրանց առաջնային նպատակներից մեկն է հրավիրել հայ սփյուռքահայ կինեմատոգրաֆիստներին միանալ ACG-ին, և նրանք ակտիվորեն ուսումնասիրում և տեղեկատվություն են հավաքում դա հեշտացնելու համար: Բացի այդ, ACG-ն աշխատում է հայաստանյան բուհերում կինեմատոգրաֆիայի կրթական ծրագրեր մշակելու ուղղությամբ՝ կերտելու կինեմատոգրաֆիստների հաջորդ սերունդը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների գիլդիայի ընդգրկումը IMAGO-ում ուշագրավ քայլ է երկու կազմակերպությունների համար՝ խոստանալով հարստացնել համաշխարհային կինեմատոգրաֆիայի հանրությունը թարմ հեռանկարներով և ուսուցման հնարավորություններով: Քանի որ ACG-ն շարունակում է զարգանալ, այն, անկասկած, նշանակալից ակտիվ կդառնա IMAGO ֆեդերացիայի շրջանակներում՝ առաջ մղելով կինեմատոգրաֆիայի արվեստն ու արհեստն ամբողջ աշխարհում:
Նյութի հեղինակ ՝ International Federation of Cinematographers (IMAGO)